Մեկ շաբաթվա ընթացքում Աֆղանստանի բուհերը կվերականգնեն աշխատանքը
Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները կվերականգնեն աշխատանքը շաբաթվա ընթացքում, երբ կլուծվեն հարցերը, որոնք կապված են դասացուցակում փոփոխությունների, ինչպես նաեւ բուհերի ֆինանսավորման հետ, հաղորդում է Ariana News հեռուստաալիքը:
«Ներկայում քննարկվում են տարբեր տեխնիկական հարցեր, որոնք կապված են համալսարանների լիարժեք գործառնության վերականգնման հետ: Գլխավորապես դա կապված է ֆինանսավորման, ինչպես նաեւ դասացուցակում փոփոխությունների հետ, քանի որ քիչ նշանակալի առարկաները պետք է բացառվեն ուսումնական ծրագրից եւ փոխարինվեն ժամանակակից առարկաներով: Բոլոր խորհրդակցությունները կավարտվեն մեկ շաբաթվա ընթացքում»,-հայտարարել է «Թալիբանի» կողմից «Աֆղանստանի Իսլամական էմիրատի» բարձրագույն կրթության նախարարի պաշտոնում նշանակված Աբդուլ Բաքի Հաքանին:
Նախարարի խոսքով՝ կրթական հատվածը վերջին շրջանում ամենատուժած ոլորտներից մեկն է:
Միեւնույն ժամանակ նա հաստատել է, որ այսուհետ երկրում կրթական գործընթացը կկառուցվի գենդերային հատկանշի հիման վրա. արական սեռի ուսանողներին կդասավանդեն տղամարդ դասախոսները, իսկ ուսանողուհիներին՝ կանայք: Բացի այդ, ուսանողներն ու ուսանողուհիները կսովորեն առանձին:
Միեւնույն ժամանակ նա կոչ է արել վերադառնալ հայրենիք աֆղանցի կին եւ տղամարդ դասախոսներին, որոնք աշխատում են Աֆղանստանի սահմաններից դուրս: