Նիկարագուայի իշխանությունները հայտնի գրող Սերխիո Ռամիրեսին ձերբակալման օրդեր են ներկայացրել
Նիկարագուայի պետական դատախազությունը կարգադրել է ձերբակալել հայտնի գրող Սերխիո Ռամիրեսին, հայտնել է BBC-ն:
Ռամիրեսը, ով 2017 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակին, Նիկարագուայի նշանավոր գրողներից է: Նա մեղադրվում է Նիկարագուայի ապակայունացմանն ուղղված ատելություն եւ դավադրություն հրահրելու մեջ:
Նմանատիպ մեղադրանքներով Նիկարագուայում արդեն տասնյակ ազդեցիկ անձինք են ձերբակալվել՝ նախագահ Դանիել Օրտեգայի քննադատների դեմ ճնշումների շրջանակներում:
Ձերբակալվածների թվում են նախագահի մի քանի թեկնածուներ, արհմիությունների ղեկավարներ եւ թերթերի խմբագիրներ:
78-ամյա գրողը, ով հունիսին հեռացել էր Նիկարագուայից, արձագանքել է իրեն ներկայացված ձերբակալության օրդերին: Սոցիալական ցանցերում գրառման մեջ նա ասել է, որ խոսքերն իր միակ զենքն են, եւ որ շարունակելու է դրանք օգտագործել հանուն ազատության եւ ժողովրդավարության՝ ընդդեմ բռնապետության:
Ռամիրեսը ժամանակին եղել է նախագահ Օրտեգայի մերձավորներից եւ վերջինիս նախագահության առաջին շրջանում 1985-1990 թվականներին զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: