«Իսրայելը չի պատրաստվում Սիրիային վերադարձնել Գոլանի բարձունքները. քննարկելու բան չկա». Իսրայելի ԱԳ նախարար
Իսրայելը չի բանակցում Սիրիայի հետ հաշտության պայմանագրի շուրջ: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում Իսրայելի և Սիրիայի միջև բանակցություններ չեն ընթանում: Բանակցելու բան առանձնապես չկա: Անվտանգության հարցով բանակցություններ կան, սակայն Իսրայելը չի պատրաստվում Սիրիային վերադարձնել Գոլանի բարձունքները, ուստի քննարկելու բան չկա», - ասել է նա:
Իսրայելը և Սիրիան խաղաղության բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել 1994-1995, 1999-2000 և 2008 թվականներին: Դրանցից ոչ մեկը հաջողությամբ չի ավարտվել: