Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար: Հայտարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել:
ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար: Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»: