«Չափազանց մեծ սխալ էր». միլիարդատեր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ մանկապիղծ Էփշտեյնի հետ հանդիպումները «մեծ սխալ են եղել» (տեսանյութ)
Միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ հանդիպելը մեծ սխալ է եղել: Նա մանրամասնել է, որ մի քանի անգամ ճաշել է այժմ հանգուցյալ Էփշտեյնի հետ:
ԻՆչպես գրում է Daily Mail-ը, 65-ամյա միլիարդատերն այս մասին խոսել է CNN-ին տված հարցազրույցում:
Էփշտեյնի և Գեյթսի հարաբերությունները սկիզբ են առել 2011 թվականից, ինչը 2013 թվականի սեպտեմբերին վիճաբանության առարկա է դարձել նրա և արդեն իսկ նախկին կնոջ` Մելինդայի միջև, որը, ինչպես ասում են, մտահոգված էր մանկապիղծի հետ ամուսնու հարաբերություններով: Հաղորդվում է, որ Մելինդան ընկերներին ասել էր, որ զայրացած է ամուսնու ու Էփշտեյնի ենթադրյալ բարեկամությունից և չի ցանկանում որևէ կապ ունենալ Էփշտեյնի հետ:
Հաղորդվում է, որ Գեյթսը բազմիցս այցելել է Էփշտեյնի տուն և նույնիսկ խոսել նրա հետ իր «թունավոր» ամուսնության մասին, մինչդեռ մանկապիղծը, իբր, նրան խորհուրդներ է տվել ամուսնությունը դադարեցնելու վերաբերյալ:
Միլիարդատերը պատմել է, որ ինքն անշուշտ մտահոգություններ է ունեցել Էփշտեյնի վերաբերյալ, որն իրեն մեղավոր էր ճանաչել և 2008 թ. դատապարտվել երեխային մարմնավաճառության դրդելու համար:
«Ես մի քանի անգամ ընթրել եմ նրա հետ` հույս ունենալով, որ նա խոշոր նվիրատվություններ կանի գլոբալ առողջապահական համակարգի համար: Երբ հասկացա, որ դա այդպես չէ, այդ հարաբերություններն ավարտվեցին: Չափազանց մեծ սխալ էր նրա հետ ժամանակ անցկացնելը: Նույն իրավիճակում շատ ուրիշներ են եղել, ես սխալվեցի»,-ասել է Գեյթսը:
Տեսանյութը՝ այստեղ: