Ինձ անձամբ մարզպետն է ասել հրաժարական տուր, ես էլ իրեն շատ կոնկրետ ու չոր պատասխանել եմ, որ ոչ մի հրաժարական էլ չեմ տա․ Գեղամասարի համայնքապետ
Նախորդ մի քանի օրերի լարվածությունից հետո, այսօր արդեն մեր սահմանին հանգիստ է եղել, ոչ մի միջադեպ չի եղել։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Գեղամասար համայնքի ղեկավար` Հակոբ Ավետյանն ընդգծելով, որ չնայած այդ իրավիճակին՝ խուճապ համայնքում չկա։ «Բնական է, որ ցանկացած մարդ էլ կրակոցներից լարվում, անհանգստանում, է, բայց դե այնքան են տեսել, որ արդեն մի տեսակ սովորական է դարձել, վախ իհարկե կա, բայց խուճապ չկա։ Մենք էլ աշխատում ենք մարդկանց հետ, որ խուճապի չմատնվեն։ Հիմա փառք Աստծո՝ ամեն ինչ նորմալ է։ Զարմանալին այն է, որ այս լարված իրավիճակում մարզպետը համայնքի առաջ առավել կարևոր առանցքային գործերով զբաղվելու փոխարեն ՝ զբաղված է ինձ հետ անձնական խնդիրներ պարզելով։ Ես ոչ մեկի հետ էլ ոչ մի անձնական խնդիր չունեմ, նա է փորձում ինչ-որ խնդիրներ լուծել, բայց դա ինձ չի անհանգստացնում։ Ով իմ հետ փորձում է խնդիրներ ունենալ, ավելի շատ ինքն է իր վրա ավելորդ խնդիրներ հավաքելու։ Ինչ վերաբերում է իր հայտարարություններին՝ միայն կասեմ, որ դրանք շատ անհիմն հայտարարություններ են։ Ինձ անձամբ մարզպետն է ասել հրաժրական տուր, ես էլ իրեն շատ կոնկրետ ու չոր պատասխանել եմ, որ ոչ մի հրաժարական էլ չեմ տա։
Ես նման թույլ քայլերի չեմ գնա։ Դա իր մոտ նստվածք է տվել ու հիմա ինքը հնարավորինս ամեն ինչ ուզում է օգտագործել իմ դեմ։ Սա մի տեսակ՝ համընկնում է այն հայտարարությունների հետ, թե ՏԻմ ղեկավարներ են մաքրելու»։
Նա ընդգծեց, որ մարզպետի պահվածքը համայնքի բնակիչների մոտ էլ դրական վերաբերմունքի չի արժանացել։ «Իմ համայնքի բնակիչներն ինձ լավ են ճանաչում ու ցանկացած հարցում էլ պատրաստ են իմ կողքը կանգնել։ Հիմա ես վատ չեմ զգում, որ մարզպետն իմ հանդեպ վատ է տրամադրված, այլ լավ եմ զգում, որ իմ բնակիչներն իմ հանդեպ լավ են տրամադրված»։