Անընդհատ ոնց որ սպասենք, որ կարող են կրակոցները մոտենալ, բայց դեռ հեռվում են․ Երասխի բնակիչ. Armdaily
Այս պահին մեր սահմանին խաղաղ է, առավոտյան էին թեթև կրակում, բայց հիմա խաղաղ է։ Գյուղին կրակոցներ չեն հասնում, նույնիսկ կրակոցների ձայներն էլ բոլոր հատվածներում չէ, որ լսվում են։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Երասխի բնակիչ Կարինե Իշխանյանը։
Նա նշել է, որ այս պահին էլ գյուղում մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով։ «Անկեղծ ասած, որ ասեմ գյուղում խուճապ կա՝ չէ, բայց դե իհարկե անհանգստություն կա։ Անընդհատ ոնց որ սպասենք, որ կարող են կրակոցները մոտենալ, բայց դեռ հեռվում են։ Նախկինում սենց կրակոցներ չեն եղել, էս մի ամիսն է, որ էդ մի դիրքից անընդհատ կրակում են, կարելի է ասել՝ գրեթե ամեն օր էլ կրակում են։ Ամեն դեպքում՝ գյուղից արտագաղթ չկա։ Հիմա բոլորն էլ իրենց առօրյա գործերով են, էսօր օրինակ գնացել ենք անասունների համար խոտը քաղելու, քաղել ենք, հիմա էլ պիտի տուկ անենք՝ բերենք»։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել, որ հուլիսի 31-ին` ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։