Վրաստանի իշխող կուսակցությունը դուրս է եկել Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրից
«Վրացական երազանք` Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է ապրիլի 19-ին Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրից դուրս գալու մասին, որի նպատակն էր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի կարգավորումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Այսօր` 100 օրվա լրանալուն պես, ակնհայտ է, որ համաձայնագիրը կատարել է իր առաքելությունը և սպառվել է: Չնայած, որ ընդդիմադիր պատգամավորների կեսը մինչ այժմ չեն ստորագրել համաձայնագիրը, տեսնում ենք, որ միջազգային գործընկերները անհրաժեշտ չեն համարում, որ արմատական ընդդիմությունը ստորագրի այն»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով` համաձայնագրի հիմնական պահանջները կատարվել են, մասնավորապես, կալանքից ազատ է արձակվել «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի համասեփականատեր Գեորգի Ռուրուան և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսկացության ղեկավար Նիկա Մելիան, ինչպես նաև երկրում մասշտաբային բարեփոխումներ են սկսվել:
Անդրադառնալով համաձայնագրի պայմաններից մեկին, որով իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակեն, եթե ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը չհավաքի 43 տոկոս ձայն, Կոբախիձեն նշել է, որ «Վրացական երազանք»-ը պատրաստ է նշանակել ընտրություններ, եթե անգամ 53 տոկոսից քիչ ձայն հավաքի:
Հիշեցնենք, որ Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմադիր կուսակցությունների և իշխող ուժի միջև կնքվել էր համաձայնագիր` որպես ելք քաղաքական ճգնաժամից, երբ անցյալ տարի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում էին իրենց մանդատներից և բոյկոտում խորհրդարանի նիստերը` չընդունելով ընտրությունների արդյունքները: