Ցավոք, ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում, և այս ստի ու կեղծիքի տարբեր իրականությունների համատեղ գոյության հետևանանք է, որ ունենք այն, ինչ ունենք․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է լիարժեք տեղեկատվություն: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով, ցավոք, ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում, և այս ստի ու կեղծիքի տարբեր իրականությունների համատեղ գոյության հետևանանք է, որ ունենք այն, ինչ ունենք:
«Ամեն օր մենք կորցնում ենք մեր անվտանգությունը, կորցնում ենք մեր դիմակայելու իմունիտետը և, հետևաբար, այս բոլոր խնդիրները եթե մեկտեղվեն, ապա կարելի է անվանել գոյատևման սպառնալիք: Ընդհանուր առմամբ, խոսքը ոչ թե լավ ու վատ ապրելու, սոցիալական, տնտեսական աճի մասին է, այլ այսպիսի իրավիճակում շատ կոնկրետ սեղանին դրված է գոյատևման սպառնալիքների դեմն առնելը»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով, եղավ այն, ինչը եթե մի փոքր մտածեինք, ապա կարող էինք կանխատեսել:
«Մենք փաստացի հյուծելով մեր իմունիտետը՝ անընդհատ հարմարվում ենք ստեղծված իրավիճակին: Մի քանի օրից սա էլ իրողություն կդառնա, և ամենակարևորը, որից զոհեր ու վիրավորներ ու նորից անտեր վիճակ»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով, փաստացի այս իրավիճակում չունենք արտաքին գործերի նախարարության արդյունավետ կառուցվածք, նույն վիճակն է ԶՈւ ոլորտում, տնտեսական ոլորտում:
«Այս իրավիճակում փաստացի բոլոր նախադրյալները կան, որպեսզի խնդիրները սրվեն: Սա նաև տանում է արտագաղթի, սոցիալական խնդիրների աճին»,- ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով տնտեսական իրավիճակի մասին հարցին՝ հաշվի առնելով փաստը, որ Արցախի վարելահողերը չկան, Ավետիսյանն ասաց, որ ապազգային կեցվածքով երկիրը կառավարելու հետևանքը դառնալու է այն, որ մի օր մեր հովիվները անասուններին արածեցնելու պիտի տանեն մարտական տեխնիկայով։
Մանրամասները՝ տեսանյութում։