Ունեցել ենք դիրքային կորուստ, որը հաջողվել է հետ վերցնել, այս պահի դրությամբ սահմանային նահանջ չունենք. Թագուհի Թովմասյան
Պատերազմական իրավիճակ է, եթե բնութագրեմ երկու բառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի սահմանային իրավիճակին:
Նրա խոսքով՝ կրակոցների ինտենսիվությունը սկսել է դադարել միայն առավոտյան: «Ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչ առավոտ, բարեբախտաբար, մեզ հաջողվել է հետ վերցնել: Կարծեմ՝ զոհերը հենց այդ հատվածում են եղել: Այս պահի դրությամբ չունենք սահմանային նահանջ, տարածքային առումով պահպանում ենք մեր դիրքերը: Հիմա, կարելի է ասել, գտնվում ենք հրադադարի ռեժիմում: Առավոտյան 9:30-10-ին ձայներն սկսեցին դադարել»,-ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց՝ հայտնի չէ՝ ինչքան ժամանակով ու ինչ պայմաններով է այս հրադադարը: «Խոսվում է միայն, որ Մոսկվայի մի5նորդությամբ հրադադարի մեջ ենք, բայց թե այդ ռեժիմն ինչքան կպահպանվի, մենք ինչ ենք խոստացել դրա դիմաց, կամ ինչ են պահանջել, չգիտենք: Հուսամ՝ կառավարությունը պատշաճ պատասխան, պարզաբանում կտա, թե ինչու և ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունեցել, առավել ևս, որ սրանք նախորդեցին ՌԴ-ում սպասվող բանակցություններին»,-ասաց Թովմասյանը:
Ինչ վերաբերում է բնակիչների տրամադրություններին, Թովմասյանն ասաց. «Մարդիկ ասում են՝ ամեն ին լավ է, չեն վախենում, բայց նրանք չեն կարող հավերժ ապրել այդ պայմաններում: Այն իշխանությունը, որը ծափողջյուններով ու հրավառություններով տոնում էր ընտրություններում իր հաղթանակը, այս օրը պետք է տեսներ: Պետք է ապահովեն բոլոր համայնքների բնակիչների անվտանգությունը: Մենք չէինք պատկերացնում, որ ունենալու ենք այսպիսի ապագա: Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի սկզբի մասին, դա մենք պետք է տեսնենք, կառավարության նիստին հայտարարելով չէ»,-ասաց Թովմասյանը: