Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար»
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար», գրում է minval.az-ը:
«Որպես առաջին քայլ՝ մենք եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շենթոփը: Ըստ նրա, «ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, քայլեր են ձեռնարկվում ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:
Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ «Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում»: