«Հակառակորդի մոտ շարժ կա». ինչ իրավիճակ է Սյունիքում, Արարատում և Կութում. Armdaily
Ինչպես արդեն նշել էինք, այսօր գիշեր հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
ArmDaily.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանն ասել է, որ իրենց մոտ կրակոցներ չկան։ «Մեր գյուղում ոչ մի բան չկա, կողքի գյուղերից էլ տեղեկություն չունեմ»,- ասաց Չիտչյանը։
Armdaily-ն կապ է հաստատել նաև Սյունիքի սահմանամերձ համայնքների և Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավարների հետ՝ ճշտելու, թե այնտեղ ինչ իրավիճակ է։
Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը հայտնել է, որ կրակոցներ չկան, բայց հակառակորդի մոտ տեղաշարժեր են։ «Իրավիճակը վերահսկելի է, նորմալ է, կրակոցներ չկան, հակառակորդի մոտ շարժ կա, բայց չգիտեմ հանգիստ են, թե անհանգիստ են։ Որոշակի բաներ են նկատվում, բայց էս պահի դրությամբ հանգիստ են»,- ասել է Շադունցը։
Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանն էլ ասել է, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Ես այս պահին գյուղից բացակայում եմ, բայց հետաքրքրվել եմ՝ ամեն ինչ հանգիտ է։ Ոչ մի ոտնձգություն, բան չկա, մեր հատվածը ամբողջությամբ հանգիստ է։ Հակառակորդի տեղաշարժի մասին էս պահին բան չեմ կարող ասել, բայց այնտեղ միշտ բեռնատարներ գալիս էին, միշտ կալոնաներ լինում էր, բայց կոնկրետ զինտեխնիկա չեմ տեսել»,- ասաց Արշակյանը։
Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանն ասել է, որ իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է, այս պահին կրակոցներ չկան։ Հարցին՝ գիշերը եղել են կրակոցներ Օղիկյանը հրաժարվեց պատասխանել։
Նշենք, որ ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են