«ԱՄՆ-ն, Թուրքիան, ՌԴ-ն, Իրանն ու Իսրայելն առանց իրենց ռազմավարական շահերը պաշտպանող երաշխիքների դուրս չեն գա երկրից»․ Սիրիայում Թուրքիայի նախկին դեսպան
Սիրիայում Թուրքիայի նախկին դեսպան Օմեր Օնհոնն իր «Սիրիան դեսպանի աչքերով» գրքում նշել է, որ Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Իսրայելի բանակներն ու նրանց զինված խմբավորումներն առանց իրենց ռազմավարական շահերը պաշտպանող երաշխիքների դուրս չեն գա երկրից, հայտնում է Ahval թերթը։
«Երկրների մեծ մասի շահերը կարելի է բավարարել, այդ թվում՝ Ռուսաստանինը, սակայն Իրանը մնում է հիմնական խոչընդոտը, որը Սիրիան վերածել է առաջնային ճակատի և իր տարածաշրջանային օրակարգի հիմնաքարի», - գրել է դիվանագետն իր գրքում և հավելել, որ լուծումը ՄԱԿ-ի 2254 բանաձևի բոլոր հոդվածների իրականացումն է, որպեսզի Դամասկոսն իր ինքնիշխանությունը պարտադրի երկրի սիրիական ողջ տարածքում և հաստատի իշխանություն, որը միավորում է բոլոր սիրիացիներին։
«Սիրիայի ապագան կորոշի Սիրիայի ժողովուրդը։ Մարտերը հիմնականում կարող են ավարտվել, սակայն ճգնաժամը դեռևս տարիներ կշարունակվի՝ հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ ծայրահեղական խմբերի կրկին ի հայտ գալու նշանների առկայությամբ», - գրել է Օմեր Օնհոնը։
Դիվանագետը 1988 թվականին Սիրիայում Թուրքիայի դեսպանատանը եղել է քաղաքական հարցերով կցորդ, 2009 թվականին նշանակվել է Սիրիայում Թուրքիայի դեսպան, իսկ 2014-ին՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց։