ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սեպտեմբերին կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը սեպտեմբերին կկայանա դեմ առ դեմ ձևաչափով՝ յուրաքանչյուր երկրից մինչև 4 պատվիրակի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրի ոչ պաշտոնական տեղեկատվական նամակում:
«Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Նյու Յորքում բարելավվել է, նախագահը որոշել է մեծացնել Գլխավոր ասամբլեայի դահլիճում գտնվող անձանց հնարավոր թիվը՝ ամեն մի երկրի պատվիրակության մասնակիցների թիվը հասցնելով 1+3-ի բարձր մակարդակի շաբաթի համար»,- ասվում է տեղեկագրում:
Միևնույն ժամանակ փաստաթղթում մասնավորեցվում է, որ այն երկրները, որոնք չեն կարողանա պատվիրակություն ուղարկել Նյու Յորք, կպահպանվի տեսաելույթի հնարավորությունը:
Հաղորդվում է նաև, որ երկրների ներկայացուցիչները ՄԱԿ-ի կենտրոնակայանում կկարողանան նաև երկկողմ հանդիպումներ անցկացնել, որոնց համար համաշխարհային կազմակերպությունն ավանդաբար տարածքներ է տրամադրում:
ՄԱԿ-ի ԳԱ ընդհանուր քաղաքական քննարկումներն անցկացվում են սեպտեմբերի վերջին շաբաթը: