«Թալիբան»-ը հերքել է Աֆղանստանի նախագահի հրաժարականի պահանջի մասին լուրերը
«Թալիբան» արմատական շարժումը չի պահանջում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը որպես զինադադարի պայման: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արմատական շարժման Քաղբյուրոյի պաշտոնական խոսնակ Մոհամեդ Նաիմը:
Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր, որ «Թալիբան» շարժումն Աֆղանստանում խաղաղության և զինադադարի հաստատման համար անհրաժեշտ է համարում երկրում նոր կառավարության ձևավորումը և նախագահ Ղանիի հեռացումը պաշտոնից:
«Այս խոսքերը բոլորովին չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Նաիմը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շրջանը գրավվել է արմատական «Թալիբան» շարժման զինյալների կողմից:
Աֆղանստանի կառավարությունը խաղաղ բնակիչների մահվան համար մեղադրել է թալիբներին, որոնք վերահսկում են այդ շրջանը:
«Դաժան ահաբեկիչները Փունջաբից (Պակիստան) իրենց ղեկավարների հրամանով հարձակվել են Սպին-Բոլդակի որոշ շրջաններում անմեղ աֆղանցիների տների վրա, կողոպտել են տները և սպանել հարյուր անմեղ մարդկանց», - ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Միրվաիս Ստանեկզայը:
Թալիբները հերքել են իրենց ներգրավվածությունը քաղաքացիական անձանց սպանություններին:
Ավելի վաղ «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ վերահսկում է երկրի 85%-ը: