Աջարիան կորոնավիրուսի համաճարակի բռնկման սպառնալիքի տակ է. Վրաստանի ԱՆ
Հրահանգների կատարման հարցում թույլ վերահսկողությունն Աջարիայում, որտեղ Սև ծովի ափին հանգստացողների մեծ հոսք է նկատվում, մեծացնում է կորոնավիրուսի տարածման ռիսկերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, գրում է sputnik-georgia.ru կայքը:
Գաբունիան ընդգծել է, որ վարակման առավելագույն մակարդակը կախված է յուրաքանչյուր քաղաքացու վարքից և հրահանգներին հետևելուց:
«Ամենաշատ դեպքերը գրանցվում են Թբիլիսիում, ապա, իհարկե, գալիս է Աջարիան, քանի որ այսօր այնտեղ նկատվում է ամենամեծ ծանրաբեռնվածությունն ու բարձր շարժունակությունը: Աջարիայում մոբիլիզացվել է հիվանդանոցային հատվածը, շարունակվում է հյուրանոցների մոբիլիզացումը: Զբոսաշրջային, առողջարանային սեզոնն ամբողջությամբ բաց է, այդ իսկ պատճառով Աջարիայում ռիսկերն ավելի մեծ են: Մեր տեղեկություններով՝ ոչ բոլոր տեղերում և ոչ բոլորն են դիմակներ դնում և այլն: Կանոնները դժվարությամբ են պահպանվում, և դա, իհարկե, մեծացնում է ռիսկերն Աջարիայի մասով»,- ասել է Գաբունիան:
Չնայած վատթարացող համաճարակային իրավիճակին՝ լրացուցիչ սահմանափակումների սահմանում չի նախատեսվում, նշել է Գաբունիան: Ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է կանոնների և հրահանգների կատարման վրա: