Քանի որ իշխանությունները զինվորական կադրերի հետ կապված սով ունեն՝ այս պահին երևի ամենահարմար թեկնածուն է. ռազմական փորձագետը՝ Արշակ Կարապետյանի՝ ՊՆ նշանակման մասին. Armdaily
Երեկ նախագահականից հաստատել են, որ հրաժարական են ներկայացրել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վերջինս կնշանակվի Պաշտպանության նախարար։
ArmDaily.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ասաց, որ ամեն դեպքում՝ գործ ունենք մարդու հետ, որը բանակային զարգացման որոշակի ուղի է անցել և 2016 թ-ի Ապրիլյան պատերազմի սկզբի դրությամբ եղել է հետախուզական գլխավոր վարչության պետն։
Դիտարկմանը, թե հենց հիշատակված քառօրյա պատերազմի արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց պաշտոնից՝ որոշակի թերացումների համար՝ նա արձագանքեց, որ եթե թերացումները լուրջ լինեին՝ արձագանքն էլ ավելի լուրջ կլիներ։ «Ամեն դեպքում կադրային զինվորական է և երևի, թե այս պահին հաշվի առնելով, որ իշխանությունները զինվորական կադրերի հետ կապված սով ունեն՝ այս պահին նաև իր քաղաքական բաղադրիչով ամենահարմար թեկնածուն է իշխող թիմի համար»։
Անդրադառնալով Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքին՝ նա ասաց, որ ոչ մի ռեալ արդյունք, ոչ մի ռեալ փոփոխություն չարած պաշտոնյա էր։ «Չեմ ուզում շատ կոպիտ հնչի, բայց կարելի ասել՝ ոչինչ չարած պաշտոնյա էր։ Այսինքն, գուցե ոմանք ասեն, որ ժամանակը քիչ էր, բայց ամեն դեպքում իրականում 8 ամիսը քիչ չէր։ Նա իհարկե աշխատեց իր պատկերացնումներով, բայց ոչ մի գործընթաց մեծ հաշվով ավարտին չհասավ, հուսամ, նոր նախարարի օրոք ավելի լավ կլինի, թեև ես առանձնապես լավատես չեմ»։