Սաակաշվիլին պատմել է ԿՀՎ նախկին ղեկավարի` Դոնեցկը գրավելու ծրագրի մասին
Դոնբասում մարտերի թեժ պահին Միացյալ Նահանգները Դոնեցկը գրավելու ծրագիր ուներ: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ քաղաքական գործչի, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Դեվիդ Պետրեուսը Կիևի իշխանություններին կոչ է արել հարձակվել Դոնեցկի վրա և նույնիսկ քաղաքը գրավելու ծրագիր է պատրաստել: Միևնույն ժամանակ, Սաակաշվիլին հստակ չի նշել, թե երբ էր Վաշինգտոնը նախատեսել իրականացնել այս գաղափարը:
Նրա խոսքով՝ Պետրեուսը պնդում էր, որ Դոնեցկը պետք է գրավել` դա հիմնավորելով նրանով, որ ուժայինները կարող էին իրենց ուժերով դա գլուխ բերել: Ինչպես նշել է Սաակաշվիլին, նա այդ ժամանակ զանգահարել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և փորձել էր նրա հետ քննարկել ամերիկացի գեներալի առաջարկը, բայց նախագահը զրույցի թեման տարել էր այլ ուղղությամբ: