Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով պարգևատրվել են մի շարք աշխատակիցներ
Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մասնագիտական բարձր որակների, արգասաբեր ու բարեխիղճ աշխատանքի և լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել «Չաարատ Կապան»,«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» , «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Ախթալայի ԼՀԿ», «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ և «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությունների մի շարք աշխատակիցներ։
Ընդերքի ոլորտը համակարգող, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր հյուրընկալել է պարգևատրված աշխատակիցներին, շնորհավորել նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ, և հանձնելով շնորհակալագրերը՝ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։
«Մեր երկրի հարստությունն ընդերքն է, սակայն հզորությունը մարդիկ են․ երկրի իրական կարողությունն և ներուժն այս երկուսի համատեղումն է։ Մարդկանց մասին խոսելիս կարող եմ վստահաբար նշել, որ հատկապես հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում աշխատում են ամենադիմացկուն, նվիրված և պատասխանատու մասնագետներ։ Ես սա պնդում եմ, հաշվի առնելով մասնագիտական բարդությունը, սխալների դեպքում՝ հետևանքների ծանրությունը, ինչպես նաև նոր լուծումների, հայտնագործությունների, կամ, պարզապես, ճիշտ տեղում ճիշտ մեթոդներ կիրառելով դրանց մուլտիպլիկատիվ դրական և մեծ ազդեցությունն ինչպես ձեր արտադրություններում, այնպես էլ հարակից բնագավառներում»,-ասել է փոխնախարարը։
Լ․ Շուշանյանը նշել է, որ Հայաստանը կարող է հպարտանալ առաջատար և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունահանում իրականացնող իր համալիրներով, սակայն, երկիրը շարունակելու է զարգացնել առկա տեխնոլոգիաները և նորերի ներդրումը՝ արտադրական շղթան ընդլայնելու և առավել խորը վերամշակում ապահովելու համար։ Նրա խոսքով՝ միաժամանակ, նպատակ է դրվել հասնել աշխատանքային պայմանների բարելավման, գիտակրթական ինստիտուտներ- պետական մարմին համագործակցային ձևաչափով լուծել երիտասարդ կադրերի պատրաստման հարցը։
Փոխնախարար Շուշանյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նրանց տոնի առթիվ՝ մաղթելով նոր մասնագիտական ձեռքբերումներ։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Հանքագործի և մետալուրգի օրը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը։