Փողոցի այս նստարանից այն նստարանը. ընտրողների հետ հանդիպումների մեծ մասն այդպես եմ անցկացնում. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Դրական եմ վերաբերվում պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարի ավելացմանը, որովհետև պատգամավորական համակարգում պատգամավորի կարգավիճակը պետք է բավականին բարձր լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանի խոսքով՝ շատ պագամավորներ բարձր արժեք են թե՛ իրենց մարդկային որակներով, թե՛ քաղաքական գործունեությամբ, և որպեսզի չարժեզրկվի պատգամավորի կարգավիճակը, ըստ նրա, օրենքի նախագիծը ճիշտ է:
Աղազարյանը պատասխանեց դիտարկմանը, թե պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ շատ պատգամավորներ այսպես, թե այնպես մարզեր չեն գնում, և այս գումարների տրամադրման կարիքը չկա, և որ հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել են մարզերի ճանապարհին, չնայած, որ պատգամավորների բարոյական պարտքն է գնալ մարզեր, միշտ գնալ, ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո: Նա նշեց, որ շատ պատգամավորներ կան, որոնք մարզեր են գնում.
«Չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց երևույթն այնպես է, որ պարտադիր չէ մարզ գնալ, Երևանում էլ են լինում հանդիպումներ ընտրողների հետ: Ամեն տեղ էլ այդ շփումները լինում են, կներեք, շատ կենցաղային մակարդակ իջնեմ. մի անգամ քեզ հրավիրել են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ նրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չէ, մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես, կարող ես փողոցում գտնվող աթոռի վրա, էդպես էլ է լինում, օրինակ՝ ես իմ շատ հանդիպումների մեծ մասն էդպես եմ անցկացնում՝ փողոցի էս նստարանից էն նստարանը, որովհետև շատ դեպքերում ուղղակի, կներեք, հարցեր են առաջանում, բայց երբ դու դա անում ես անընդհատ, մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես, այնպես որ պետք չի ասել, որ այս ծախսերը միայն մարզեր գնալու համար են»:
Աղազարյանի խոսքով՝ շատ այլ երկրներում այս ծախսերն շատ ավելի մեծ են, քան պատգամավորների աշխատավարձը, սակայն պետք է հստակ լինի, որ այդ գումարները չեն ծախսվելու անձնական նպատակներով: «Նախկինում այդ 50 հազարը նախատեսված էր պատգամավորական լրացուցիչ ծախսերի համար, սակայն հիմա ֆինանսական իմաստով իր նշանակությունը կորցրել է, ես հասկանում եմ, որ շատ նուրբ հարց է, մեր խմբակցությունում ևս շատ է քննարկվել»,-ասաց Աղազարյանը և շեշտեց, որ պատգամավորն իր գրպանից չպետք է գումար ծախսի հանդիպումների համար, քանի որ դա շահադիտական նպատակ է հետապնդում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց այն նախագիծը, ըստ որի, առաջարկվում է հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամը, այն դարձնելով 250 հազար դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում