17 176 մահ, 26 715 վիրավոր, 575 353 ավերված տուն․ իրավապաշտպան խումբը ներկայացրել է Եմենում Սաուդյան Արաբիայի ներխուժումից ի վեր մարդկային և տնտեսական վնասի չափը
Եմենում վերջին 2300 օրվա ընթացքում ԱՄՆ-ի աջակցությամբ Սաուդյան Արաբիայի ագրեսիայի սկզբից ի վեր մարդկային զոհերի և տնտեսական վնասի մասին տվյալներ է ներկայացրել Humanity Eye Center for Rights and Development (EHCRD) իրավապաշտպան խումբը, հայտնում է Tehran Times թերթը։
Թերթը նշում է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2015 թվականին հարձակում սկսեց Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել այնտեղ իրանական ազդեցությունը, սակայն տարիներ շարունակ երկիրը ռմբակոծելուց հետո չի կարողացել հասնել ո՛չ միայն Անսար Ալլահ շիա մուսուլմանական խմբավորման իշխանության տապալմանը, այլև չի կարողացել կանխել պատասխան հարվածներն իր երկրի ուղղությամբ, որի համար էլ մեղադրել է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այս պատերազմը տարածաշրջանում առաջ բերեց ամենավատ մարդասիրական աղետը։ Բազմաթիվ եմենցիներ մահացել են սննդի և դեղորայքի պակասի պատճառով, սակայն Սաուդյան Արաբիան հրաժարվում է թույլատրել մարդասիրական օգնության տրամադրումը Անսար Ալլահ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ այդպիսով, ավելի շատ զիջումներ ստանալու համար, ճնշում գործադրելով Սանայի կառավարության վրա։
Մարդու իրավունքների մշտադիտարկման առաքելության շրջանակում նշվում է, որ Եմենում Սաուդյան Արաբիայի ագրեսիան հանգեցրել է 17 176 մարդու մահվան, որոնցից 3842-ը՝ երեխա և 2400-ը՝ կին։ Այս տարիների ընթացքում վիրավորների թիվը հասել է 26 715-ի։
Տնտեսական տեսանկյունից պատերազմը մեծ վնաս է հասցրել ենթակառուցվածքներին, տնտեսական և սպասարկման կետերին․ ավերվել կամ վնասվել է 575 353 տուն, 179 համալսարանական կենտրոն, 1466 մզկիթ, 369 զբոսաշրջային վայր, 391 հիվանդանոց և առողջապահական կենտրոն, 1110 դպրոց և ուսումնական կենտրոն, 7733 գյուղատնտեսական նշանակության տարածք, 135 մարզական կենտրոն, 248 հնագիտական վայր և 49 լրատվական հաստատություն, ինչպես նաև պետական նշանակության 15 օդանավակայան, 16 նավահանգիստ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմեն ներխուժել է 2015 թվականին, որի ընթացքում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան և արաբական որոշ երկրներ աջակցել են կոալիցիային և զենք մատակարարել՝ առաջ բերելով անհավասար պատերազմ։