Հնդկաստանի հայտնի զբոսաշրջային վայրում կայծակի ժամանակ սելֆի անելիս 11 մարդ է զոհվել
Կայծակի հետևանքով Հնդկաստանի Ջայպուր քաղաքի հարակից շրջանում առնվազն 11 մարդ է զոհվել և շատերը՝ վիրավորվել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ բոլոր զոհերը կայծակի ժամանակ սելֆի անելիս են եղել 12-րդ դարի Ամբերի ամրոցում, որը հայտնի զբոսաշրջային վայր է։ Այն տեղակայված է Ռաջաստան նահանգի վարչական կենտրոն Ջայպուր քաղաքից 11 կմ հեռավորության վրա։
Հայտնի է, որ 27 մարդ ամրոցի պատի մոտ և աշտարակի վրա են եղել, և նրանցից ոմանք կայծակի ժամանակ անմիջապես ցատկել են գետնին։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ զոհերի մեծ մասը երիտասարդներ են։
Ջայպուրից բացի՝ կայծակի հետևանքով մահվան 9 դեպք էլ գրանցվել է ամբողջ Ռաջաստան նահանգում։ Նահանգի գլխավոր նախարար Աշոկ Գեհլոթը հայտարարել է, որ մահացածների ընտանիքներին 6700 դոլար փոխհատուցում կտրվի։
2004 թվականից ի վեր կայծակի հարվածի հետևանքով մոտ 2000 հնդիկ է զոհվել։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ կայծակի հետևանքով մահվան դեպքերը 1960-ականներից ի վեր կրկնապատկվել են, ինչը կապված է կլիմայական փոփոխության հետ։ 2018 թվականին Հնդկաստանի հարավային Անդրա Պրադեշ նահանգում ընդամենը 13 ժամվա ընթացքում գրանցվել է 36 749 կայծակի հարված։