ԿԸՀ-ն Սահմանադրական դատարանում ընդունեց ընտրախախտումների փաստը. Նիստը կշարունակվի վաղը
Սահմանադրական դատարանն հուլիսի 11-ին ուշ երեկոյան ավարտեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը:
Գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը Սահմանադրական դատարանում կշարունակվի վաղը:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում այն նիստը կշարունակվի մինչև 24:00-ն:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանում ԿԸՀ-ն հուլիսի 11-ին անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված 109 ընտրատեղամասերում ստորագրությունների բացակայության խնդրին, ընդունեց, որ Ընտրական ցուցակներն օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել են, բայց եղել են թերի, եղել է նման խնդիր:
ԿԸՀ ներկայացուցիչը նշեց, որ սքանավորումից հետո հրապարակվել են նաև բացակայող փաստաթղթեր, որտեղ ևս կան ստորագրություններ։
Դրան ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը նշեց, որ դրանք արդեն իսկ կասկածի տակ են դրվում, որովհետև ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է։
ԿԸՀ-ն ընդունեց, որ ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է ընտրական ցուցակների պաշտոնական հրապարակման մասով։
ԿԸՀ-ն ընդունեց այն, որն կրկնվող ցուցակի էջեր են եղել թվով 9 ընտրական տեղամասերում, որոնք հայտնաբերել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ նույնիսկ այդ հարցով նյութերն ուղարկվել են դատախազություն։
Դա ևս Ընտրական Օրենսգրքով արձանագրված խախտում է, որը նաև ֆիքսվեց ՍԴ նիստի ընթացքում, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչի կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին հարցուպատասխանի միջոցով։
ՍԴ-ում նիստի ընթացքում ԿԸՀ-ի ներկայացուցիչը ընդունեց նաև այն, որ անձը գտնվելով Հայաստանի Հանրապետությունից դուրս, նրա փոխարեն առկա է եղել ստորագրություն, այդ թվում՝ անձնագրային տվյալներ, իրականությանը համապատասխանում էր։ ԿԸՀ-ի նախնական դիտարկումն այն էր, որ պարզապես ուրիշ անձ է նշված հատվածում ստորագրել։