Եվրամիությունը պատրաստվում է սիրիացի փախստականներին իր տարածքում պահելու դիմաց Թուրքիային ֆինանսական աջակցության նոր փաթեթ տրամադրել
ԵՄ պետությունների կառավարություններն ու ղեկավարները պատրաստվում են Թուրքիային ֆինանսական աջակցության նոր փաթեթ տրամադրել սիրիացի փախստականների կեցությունն ապահովելու համար, հաղորդում է ТАСС-ը:
«Եվրախորհուրդը կոչ է անում Եվրահանձնաժողովին առանց հապաղման Թուրքիային, նաև՝ Հորդանանին, Լիբանանին սիրիացի փախստականների համայնքներ ընդունելու համար ֆինանսական հետագա աջակցություն տրամադրելու առաջարկներ ներկայացնել ԵՄ միգրացիոն քաղաքականության շրջանակում»,- ասված է Եվրախորհրդի հայտարարությունում:
Ըստ փաստաթղթի՝ Եվրամիությունը հետաքրքրված է Անկարայի հետ համագործակցության և փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում:
«Եվրախորհուրդն աջակցում է ԵՄ-ի՝ Թուրքիայի հետ փուլային սկզբունքով համագործակցելու պատրաստակամությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Reuters-ը, իր աղբյուրներին հղում տալով, հայտնել էր, որ ԵՄ-ն դիտարկում է Թուրքիային այս նպատակով 3.5 մլրդ եվրո տրամադրելու հնարավորությունը մինչեւ 2024 թ. սիրիացի փախստականներին իր տարածքում պահելու համար: Ֆինանսական այս օգնությունը Թուրքիային, Հորդանանին, Լիբանանին և Սիրիային տրամադրվող շուրջ 5.7 մլրդ եվրո արժողությամբ ֆինանսական աջակցության փաթեթի մի մասն է կազմում:
Ըստ առկա տեղեկատվության՝ ներկա պահին Թուրքիայի տարածքում մոտ 4 մլն փախստական է բնակվում:
2016 թ. մարտին Եվրամիությունն ու Թուրքիան համաձայնագիր էին ստորագրել Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և Պակիստանից դեպի եվրոպական երկրներ փախստականների հոսքը կանգնեցնելու վերաբերյալ, որի շրջանակում Թուրքիայում ապաստանի կարգավիճակ կարող էին ստանալ ոչ թե տնտեսական շարժառիթներով, այլ պատերազմի պատճառով դեպի ԵՄ տարածք գաղթել պատրաստվող փախստականները: