Իրանի նորընտիր նախագահ Ռայիսին հրավիրվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 26-րդ համաժողովին
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին հրավիրվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 26-րդ համաժողովին (COP26), հայտնում է Tehran Times թերթը և հավելում, որ այն անցկացվելու է նոյեմբերի 1-12-ը՝ Միացյալ Թագավորության նախագահության ներքո։
Ռայիսին, որը հաղթել է հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում, պաշտոնը ստանձնելու է օգոստոսի կեսերին։ Համաժողովին մասնակցելու դեպքում դա, ամենայն հավանականությամբ, Իրանի նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի։
Համաժողովը համախմբելու է կողմերին՝ արագացնելու Փարիզի համաձայնագրի և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի նպատակների շուրջ գործողությունները։ Համաժողովին մասնակցելու են ավելի քան 70 նախագահներ, վարչապետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իրանը 2009 թվականին մասնակցել է Կոպենհագենում կայացած COP15 համաժողովին և նախագահի մակարդակով մասնակցել է Նյու Յորքում կայացած «ՄԱԿ-ի կլիմայի համաժողով 2014»-ին, իսկ 2015 թվականին Փարիզում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին մասնակցել է փոխնախագահի մակարդակով։