«Արևմտյան սրիկաների պատժամիջոցները նրանց անզորության նշանն են». Լուկաշենկո
Արևմուտքի սահմանած պատժամիջոցները նրանց անզորության նշանն են: Այդ մասին, ինչպես հայտնում է eadaily.com-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք սահմանից այն կողմ գտնվող այդ սրիկաներին պետք է ցույց տանք, որ իրենց պատժամիջոցներն իրենց անզորությունն են: Եվ մենք դա կանենք»,- ասել է նա Գրոդնոյի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն շեշտել է, որ որևէ ձեռնարկությունում չպետք է որևէ պասիվ վիճակ լինի:
«Մենք պատրաստվում էինք դրան, մենք գիտեինք, թե ինչ է սպառնում», - ասել է Բելառուսի ղեկավարը՝ դիմելով պաշտոնյաներին:
Բելառուսի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ամեն ինչ կախված է կարգապահությունից:
«Աստված մի արասցե՝ պատերազմ լիներ, մենք բոլորս ոտքի կելնեինք ու կպաշտպանեինք երկիրը: Իսկ ինչո՞ւ հիմա, համեմատաբար խաղաղ ժամանակ, մենք չենք ցանկանում աշխատել: Ի վերջո, ամեն ինչ կարգապահության մեջ է: Միայն կարգապահություն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ արևմտյան երկրներն Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն ճանաչում երկրի օրինական ղեկավար: Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցների մի քանի փաթեթ են սահմանել պաշտոնական Մինսկի նկատմամբ, քանի որ կարծում են, որ Բելառուսում մարդու իրավունքները խախտվում են: