Պենտագոնի նախկին թարգմանչուհին դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ «Հըզբոլլահ»-ին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար
Իրաքում ամերիկյան ռազմաբազաներից մեկի նախկին թարգմանիչ, ԱՄՆ քաղաքացի Մարիամ Թոմփսոնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Նա, մասնավորապես, տեղեկություններ է փոխանցել 2020 թվականի ամերիկյան գործողությունների մասնակիցների մասին, որոնց ընթացքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։
«Մարիամ Թոմփսոնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ օտարերկրյա կառավարությանն օգնելու նպատակով ազգային պաշտպանության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար», - ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Քննիչների փոխանցմամբ՝ կինն այդ տեղեկությունները փոխանցել է մի տղամարդու, որի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել՝ իմանալով, որ նա կապեր ունի «Հըզբոլլահ»-ի հետ։
Ավելի վաղ Թոմփսոնը խոստովանել էր 2017 թվականից տղամարդու հետ կապի մեջ լինելու և 2020 թվականի հունվարին Սոլեյմանիի սպանությունից հետո գործողությանը ներգրավված անձանց մասին տեղեկություններ փոխանցելու մասին՝ հավելելով, որ հասկացել է, որ տեղեկությունները կփոխանցվեն «Հըզբոլլահ»-ին։
Կինը ձերբակալվել է 2020 թվականի փետրվարի 27-ին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության հետևանքով սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար, իսկ օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: