Կառավարության նիստը, հունիսի 24 (Տեսանյութ. Ուղիղ)
Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները, միջազգային, տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նոր ստանդարտ ենք սահմանել։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրություններին։
«2018 թվականին, երբ ընտրություններ տեղի ունեցան, միջազգային հանրությունը աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց, այդ ժամանակ կար կոնտեքստ, որ ընտրությունների արդյունքները նախապես ակնհայտ էր բոլորի համար և գործող կառավարությունը, այսպես ասած, կեղծելու անհրաժեշտություն չուներ։ Այս ընտրությունների արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ 3-րդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էինք անցկացվում, և շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը, արժեհամակարգը»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թեև հարուցված են քրեական գործեր, սակայն համոզմունք հայտնեց, որ պատշաճ քննություն և ընթացք կստանան։ «Բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ–ում ընտրությունների արդյունքների կեղծման էջը իսկապես անշրջելիորեն փակված են»,–ասաց նա և կարևոր համարեց այն արձանագրումը, որ ՀՀ քաղաքացին ինքն է որոշում իշխանության ճակատագիրը։