COVID-19 համավարակի իրական ծագումը, հնարավոր է, գաղտնի մնա
COVID-19 համավարակի իրական ծագումը, հնարավոր է, այդպես էլ գաղտնի մնա: Այս մասին Yahoo News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:
Մայիսին նախագահ Ջո Բայդենը հետախուզական համայնքին հանձնարարել էր 90-օրյա հարցում անցկացնել համավարակի ծագման վերաբերյալ տեսությունների մասին: Վարկածներից մեկի համաձայն՝ վիրուսն առաջացել է կենդանու հետ մարդու շփման հետեւանքով, ըստ մյուսի՝ Ուհանի լաբորատորիայից արտահոսքի հետեւանքով:
Հեյնսը նշել է, որ ուշադրությամբ հետեւել է տեսությանը, որին մասնակցել են տասնյակ վերլուծաբաններ եւ հետախուզության աշխատակիցներ, որոնք խորացել են մանրամասների մեջ: «Ես չգիտեմ, թե այս երկու ճշմարտանման տեսություններից որն է ճիշտ»,- ասել է նա: «Բայց ես լսեցի վերլուծաբաններին եւ, իրոք, հասկանում եմ, թե ինչու են նրանք այս երկու տեսությունները որպես միմյանց հակասող ընկալում, եւ ինչու է դրանք գնահատելը շատ դժվար»:
Նա հայտնել է, որ իր թիմերը ձգտել են հավաքել նոր տեղեկություններ, որոնք կարող են լույս սփռել համավարակի աղբյուրի վրա, ինչպես նաեւ արդեն հավաքված տեղեկատվության թարմ վերլուծություն կատարել:
Այս ջանքերը համակարգել է Տարածման դեմ պայքարի ազգային կենտրոնը, որն օգտագործել է հետախուզական համայնքի ողջ ռեսուրսները՝ հետեւելով, որ օգտագործվեն նաեւ հետախուզական տեղեկատվության հավաքման բոլոր հնարավորությունները, եւ գործարկվեն օտարերկրյա հետախուզության եւ այլ օտարերկրյա գործընկերների հետ կապերը, այնպես որ մենք հնարավորինս ավելին ունենանք»,- ասել է Հեյնսը: Բայց վերլուծությունից գրեթե մեկ ամիս անց պարզվում է, որ հետախուզական հանրությունը դեռ չի մոտեցել մահացու վիրուսի ծագման վերաբերյալ ընդհանուր բացատրությանը: