Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հերքել է Սև ծովում ռուս զինվորականների կողմից բրիտանական կործանիչի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է բրիտանական թագավորական նավատորմի` Սև ծովում ՌԴ տարածքային ջրերի սահմանը հատած Defender կործանիչի հետ կապված միջադեպը: Twitter-ի պաշտոնական հաշվում ասվում է, որ ռազմանավը խաղաղ անցում է կատարել Ուկրաինայի տարածքային ջրեր` համաձայն միջազգային օրենսդրության:
Բացի այդ, Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ռուսական կողմը նախազգուշական կրակոցներ է արձակել:
«Մենք ենթադրում ենք, որ Ռուսաստանը հրետանային կրակի վարժանքներ է անցկացրել Սև ծովում և նախազգուշացրել է ծովային համայնքին իր գործունեության մասին: Թագավորական նավատորմի Defender նավի վրա կրակ չի բացվել, և մենք չենք ընդունում այն պնդումները, որ ռումբ է նետվել դրա ճանապարհին»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի Defender կործանիչի շարժման կուրսով, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր:
«Էսկադրային ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նա չի արձագանքել նախազգուշացմանը», - ասել են ռազմական գերատեսչությունից:
Միջադեպի առնչությամբ Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
Հայտնի է, որ 12:06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակոցներ է արձակել: 12:19-ին Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է կատարել՝ 4 ռումբ նետելով Defender-ի շարժման կուրսով: