Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն»:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն երեկ գիշեր «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության գրասենյակում ուղիղ եթերով ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հնարավոր չեղավ, որպեսզի բացառվեն ընտրակաշառքները, սակայն մեծ հաշվով արդյունքները գոհացուցիչ էին:
Նա նշել էր, որ ընտրություններին մասնակցած առողջ ուժերին փորձելու են կառավարության շուրջ համախմբել երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար: Նա ասաց, որ պետք է համերաշխության ու միասնականության շուրջ բոլորը համախմբվեն: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» թիմին, ինչպես նաև նշեց, որ վերջիններս անցել ու հաղթահարել են դժոխային փորձությունները: Փաշինյանը հայտարարեց, որ ընտրության արդյունքները բարոյականության ու ժողովրդի հաղթանակն էր:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռևս քվեարկության բոլոր տվյալները չէ, որ հրապարակվել են, բայց իրենց ունեցած տեղեկությունները բավարարում են, որպեսզի հայտարարեն, որ իրենք խորհրդարանում լինելու են բացարձակ մեծամասնություն և վաղը նախատեսված հանդիպումը Հանրապետության Հրապարակում կլինի երկաթյա մանդատի հանձնումը:
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի ժամանումից առաջ լայն ժպիտով ու ՔՊ-ականների հետ շփվելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ էր եկել։