Ընտրությունները նոր են սկսվել, բայց խախտումները բազմաթիվ են. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը հեղինակն է Ընտրությունների վերահսկման կոմիտե նախաձեռնության, առավոտյան ահազանգել է, որ թեև ընտրությունները մի քանի ժամ է, ինչ սկսվել են, բայց կան բազմաթիվ խախտումներ:
«Արդեն խայտառակ քանակությամբ ահազանգեր ենք ստանում, ես նման բան չեմ հիշում, որ ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց այս քանակությամբ ահազանգեր ստանանք»,- նշել է Մելիքյանը:
Իրավապաշտպանը նշել է մի քանի համակարգային խախտում, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա և որոնք ամենաակներևն են:
Առաջին հերթին իրավապաշտպանն ընդգծեց, որ նկատում են զինծառայողների ուղղորդում: Ըստ նրա` Մեհրաբի զորամասի հրամանատարն ուղղորդում ու վերահսկում է զինծառայողներին, որպեսզի նրանք քվեարկեն Փաշինյանի օգտին:
Երկրորդը Մելիքյանն անդրադարձել է հակաքարոզչությանը: Առավոտից ամբողջ քաղաքում թռուցիկներ են տարածվում Ռոբերտ Քոչարյանի նկարով, վրան արյան հետքեր և այդպիսով փորձում են հակաքարոզչություն իրականացնել: Ըստ Մելիքյանի՝ աշխատանքները կազմակերպվել են ՔՊ շտաբի կողմից և աշխատանքներին ներգրավված են եղել քաղաքապետարանի սանիտարական աշխատողները, որոնք գիշերը մաքրություն են անում քաղաքում:
«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք գիշերը ՔՊ շտաբից ստացել են այդ տրցակները ու շաղ տվել քաղաքով մեկ: Այսինքն՝ օգտագործվում է նաև վարչական ռեսուրսը»:
Tert.am-ը կապ է հաստատել քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը: Հակոբ Կարապետյանը հերքեց լուրը, ասելով, որ նման բան չկա:
Ռուբեր Մելիքյանն անդրադարձավ նաև հատկապես Սիսիանում ընդդիմադիր թեկնածուների շտաբներում խուզարկություններին ու որոշ անդամների բերման ենթարկելուն: Պատճառը տպագրական սարքի հայտնաբերումն է: Ռուբեն Մելիքյանն այս գործողությունները որակեց որպես բացարձակապես ապօրինի գործողություններ:
Բազմաթիվ ահազանգեր կան նաև քվեաթերթիկների հետ կապված:
Ըստ Մելիքյանի՝ որոշ ընտրատեղամասերում եղել են դեպքեր, որտեղ մարդկանց չեն տրամադրել որոշ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկներ: Եղել են նաև դեպքեր, երբ քվեաթերթիկների վրա եղել են չնախատեսված նշումներ՝ հիմնականում տպագրական:
ԿԸՀ-ից հայտնեցին, որ եթե քվեաթերթիկի վրա չկան գրիչով կամ մատիտով արված նշումներ, մնացած բոլոր դեպքերում քվեաթերթիկը վավեր է ճանաչվելու:
Խնդիրներ կան նաև «Հայրենիքի պաշտպանի կենտրոն»-ում բուժվող զինծառայողների քվեարկության հետ կապված: Փաստացի նրանք անմասն են մնում ընտրական գործընթացից, քանի որ շրջիկ քվեատուփերի հետ կապված խնդիրներ կան:
Վերջում Մելիքյանը եզրափակեց Նոր Կյանք գյուղի ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպից: Ըստ նրա՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն ու իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գնացել են ընտրատեղամաս ու վիճաբանություն են հրահրել:
Իրավապաշտպանը հայտնեց, որ շարունակում են վերլուծել ահազանգերն ու պարբերաբար կտեղեկացնեն դրանց մասին: