Բրազիլիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 500 000-ը
«Քովիդ-19»-ից մահացության դեպքերի թիվը Բրազիլիայում գերազանցել է 500 000-ը, որը երկրորդ ամենամեծ ցուցանիշն է ողջ աշխարհում` ԱՄՆ-ից հետո (ավելի քան 600 000): Այս մասին հայտնում է BBC News-ը` ներկայացնելով փորձագիտական կարծիք, որի համաձայն` համաճարակը կարող է հետագայում ավելի վատ ընթացք ստանալ` պատվաստումների դանդաղ ընթացքով և ձմռան մեկնարկով պայմանավորված:
Ինչպես հաղորդվում է, վիրուսը շարունակում է տարածվել հարավամերիկյան երկրում, մինչդեռ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հրաժարվում է աջակցել վիրուսի դեմ պայքարի միջոցներին, որոնցից է սոցիալական հեռավորության պահպանումը:
Բրազիլական «Ֆիոկրուզ» առողջապահական հետազոտական ինստիտուտի գնահատմամբ` իրավիճակը «ճգնաժամային» է, չափահաս բնակչության միայն 15 տոկոսն է ամբողջությամբ պատվաստվել:
Ընդդիմությունը մեղադրում է նախագահին քաղաքական դրդապատճառներով պատվաստանյութի գնումները ձգձգելու համար:
Անցյալ շաբաթ Բրազիլիայում ամեն օր միջինում 70 000 վարակման դեպք է գրանցվել: Այդ ընթացքում ամենօրյա մահացության ցուցանիշը գերազանցել է 1500-ը: Վարակման ընդհանուր ցուցանիշը երկրում գերազանցել է 17,8 մլն-ը: