«Կցանկանայի միայն մեկ անգամ ամուսնացած լինել»․ Քիմ Քարդաշյանը պատմել է նախորդ ամուսնության մասին (լուսանկարներ, տեսանյութեր)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ կցանկանար երբեք չամուսնանալ Քրիս Համֆրիի հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
«Կցանկանայի միայն մեկ անգամ ամուսնացած լինել», - ասել է 40-ամյա հեռուստաաստղը հարցազրույցի ընթացքում։ Քիմը պատմել է, որ 36-ամյա Քրիս Համֆրիի հետ ամուսնությունից առաջ մայրը՝ հեռուստահաղորդավար Քրիս Ջեները նրա մոտ է եկել և ասել, որ հետ կանգնելու համար ուշ չէ։
Քրիս Ջեները հավելել է, որ հարսանեկան արարողության նախօրեին ընթրիքի ժամանակ Քիմին ասել է, որ եթե չի ցանկանում ամուսնանալ, ապա չպետք է անի դա, քանի որ դա վատագույն գաղափարն է, ինչին ի պատասխան Քիմն ասել է, որ ինքնուրույն գլուխ կհանի։ Քիմը նշել է, որ եթե նա հարսանիքը չեղյալ հայտարարեր, ապա միշտ կհիշվեր, որպես «փախչող հարսնացու», ինչը հումոր կդառնար։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նա ամուսնացել է մասամբ շոուի պատճառով, ինչին ի պատասխան Քիմն ասել է․ «Ես կասեի, որ այո, քանի որ ճնշում էի զգում: Զգում էի, որ պատրաստվում եմ բոլորին հուսախաբ անել»։
SKIMS, KKW Frangrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քարդաշյանը պատմել է, որ Իտալիայում անցկացված մեղրամսից վերադարձել է շփոթված և հավելել․«Եթե ձեր ոտքերը սառն են, ապա դա այն չէ, ինչ պետք է»։ Իրապատում շոուի աստղն ասել է, որ զղջում է Քրիսի հետ այդպես վարվելու և հեռանալու համար ու նշել, որ ամիսներ շարունակ զանգահարել է նրան՝ ներողություն խնդրելու համար, սակայն նա չի պատասխանել։ Քիմի քույրը՝ Քլոե Քարդաշյանը պատմել է, որ երբ քույրը հղի է եղել և սպասել է երկրորդ զավակի՝ Սեյնթի ծնունդին, նրանք պատահաբար հանդիպել են Բևերլի Հիլզի հյուրանոցներից մեկում, սակայն Քրիսը չի էլ բարևել նրան։
Հաղորդավար Էնդի Քոհենի կազմակերպած վերամիավորման հարցազրույցը E! հեռուստաընկերության եթերում է հայտնվել հունիսի 17-ին։ Հարցազրույցի ընթացքում Քրիս Համֆրիի հետ Քիմի ամուսնության մանրամասները միակ բացահայտումները չեն եղել։ Հարցազրույցի ընթացքում Քիմը խոսել է նաև Քանյե Ուեսթի հետ ամուսնության և ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք շատ լավ կարողանում են կատարել համատեղ ծնողական պարտականությունները, քանի որ մինչև ամուսնանալը նախ ընկերներ են եղել։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրին ամուսնացած են եղել 2011 թվականին՝ ընդամենը 72 օր, ինչի համար Քիմին հաճախ մեղադրել են՝ ասելով, որ այս ամուսնությամբ նա նպատակ է ունեցել բարձրացնել իրապատում շոուի վարկանիշը։ Քրիս Համֆրիից ամուսնալուծվելուց հետո Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ, ում հետ ամուսնացել է 2013 թվականին և ունեցել 4 զավակ։ Քարդաշյանն ամուսնալուծության մասին լուրերը հաստատել էր 3 ամիս առաջ։ Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: