Անհրաժեշտ է վերականգնել և զարգացնել ՀՀ-Իրան հարաբերությունների նախկին դինամիկան. փորձագետ (տեսանյութ)
Իրանի արտաքին քաղաքականությունում առաջիկայում կլինեն որոշակի վերանայումներ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյան:
«Իրանում հունիսի 18-ին սպասվող նախագահական ընտրություններում, հարցումների համաձայն՝ հաղթելու ամենամեծ շանսերն ունի, այսպես ասած, պահպանողական ճամբարի ներկայացուցիչ Էբրահիմ Ռայիսին: Պահպանողականները, որպես կանոն, ավելի կոշտ քաղաքականության կողմնակից են: Դա կարտահայտվի նաև Իրանի տարածարջանային քաղաքականության մեջ», - նշել է նա:
Փորձագետի խոսքով՝ Թեհրանը մտահոգություններ ունի Հարավային Կովկասում իր տարածաշրջանային մրցակից Թուրքիայի ազդեցության մեծացման հետ կապված և ստեղծած իրավիճակում իրանական շահերը առաջ մղելու համար դիտարկում է մի շարք լուծումներ՝ այդ թվում նաև Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող:
«Իրանը իր պետական շահերի տեսանկյունից մշտապես կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը, սակայն հայ-իրանական հարաբերություններում առաջընթացի համար կարևոր է, որ Հայաստանը ևս նախաձեռնողականություն ցուցաբերի: Վերջին երեք տարիներին Հայաստանի գործող իշխանությունը որևէ լուրջ աշխատանք չի իրականացրել Իրանի հետ», - նշել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ դա Իրանի նկատմամբ միջազգային ճնշումներով և պատժամիջոցային քաղաքականությամբ պայմանավորելը որևէ կերպ օբյեկտիվ չէ
«Նախ, մենք այդ ընթացքում ականատես էինք լինում Իրանի դեմ ոչ միանշանակ գործողությունների, - նշել է փորձագետը: -Միևնույն ժամանակ Հայաստանը Իրանի հետ պատժամիջոցների առկայության պայմաններում նախկինում բավականին արդյունավետ է համագործակցել՝ երկկողմ հարաբերություններ զերծ պահելով երրորդ երկրների ազդեցությունից»:
Այդ համատեքստում փորձագետն առանձնացրել է նախորդ տարիներին հայ-իրանական համագործակցության մի շարք օրինակներ՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման մեկնարկը, Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցումը Վրաստան, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, Մեղրի ազատ տնտեսական գոտում շահագործումը, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ քառակողմ համագործակցության հուշագիրը, այդ թվում Հայաստանի ակտիվ ջանքերի արդյունքում 2018 թվականին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և այլն:
«Հայաստանի նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել և զարգացնել հայ-իրանական հարաբերությունների հենց այս դինամիկան, ոչ թե շարունակել գործող իշխանության վտանգավոր քաղաքականությունը», - նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: