Գիտնականները նոր հայտնաբերված գորտի տեսակին անվանակոչել են բրիտանական Led Zeppelin ռոք խմբի պատվին
Էկվադորի Սան Ֆրանցիսկո դե Կիտո համալսարանի կենդանաբանների մի խումբ Անդերում հայտնաբերել է Pristimantis անձրևային գորտերի նոր էնդեմիկ տեսակ և անվանել այն բրիտանական Led Zeppelin ռոք խմբի պատվին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ Neotropical Biodiversity ամսագրում հրապարակված գիտական հոդվածին հղումով:
«Գորտն անվանակոչվել է Led Zeppelin-ի և նրանց անսովոր երաժշտության պատվին: Դա բրիտանական ռոք խումբ է, որը ստեղծվել է Լոնդոնում 1968-ին, 1970-ականների ամենաազդեցիկ խմբերից մեկն է և թե՛ հարդ-ռոքի, թե՛ հեվի մետալի նախահայրն է»,- ասվում է հոդվածում:
Փոքր գորտը, որի երկարությունը կարող է հասնել մինչև 3,6 սանտիմետրի, կարելի է ճանաչել մեղրակարմիր աչքերից և բազմագույն՝ դեղին, շագանակագույն, սև և նարնջագույն մաշկից:
Նշվում է՝ Pristimantis ledzeppelin-ը հայտնաբերվել է Էկվադորի հարավ-արևելքում՝ Կորդիլերա դել Կոնդոր շրջանի լեռնային անտառներում: Վերջին տարիներին այնտեղ հայտնաբերվել են էնդեմիկ մի քանի տեսակներ ևս: