Այս ու այն կողմ չի ընկնում, միանգամից իր ասելիքը տեղ է հասցնում. Շվեյցարիայի նախագահը Պուտինի հետ հանդիպման տպավորություններով է կիսվել
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտարարել է, որ բարձր է գնահատում իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի շիտակությունը, հաղորդում է ТАСС-ը:
«Նախագահ Պուտինը մի հատկանիշ ունի, որը ես գնահատում եմ. նա այս ու այն կողմ չի ընկնում, այլ միանգամից անցնում է բուն գործին ու տեղ է հասցնում իր մտքերը, լսում է ու պատասխանում: Մտքերի փոխանակություն է կատարվում, բայց բացառապես հաճելի մթնոլորտում»,- RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուտինի հետ հանդիպման իր տպավորություններով է կիսվել Շվեյցարիայի նախագահը:
Ըստ նրա՝ Պուտինը չի սիրում չափից դուրս արարողակարգային դետալները, նախընտրում է բուն հարցին անցնել:
«Բայդենն ու Պուտինը հինգ րոպե խոսեցին, և ես հենց այդ պահին զգացի, որ նրանց միջև մարդկային առումով ամեն բան նորմալ է»,- ասել է Պարմելենը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահը հունիսի 16-ին առաջին անգամ հանդիպել են Շվեյցարիայի միջնորդությամբ՝ Ժնև քաղաքում, և բացի երկկողմ հանդիպումից երկու երկրների առաջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել նաև Շվեյցարիայի ղեկավարի հետ: