Կիևը չի կարող կատարել Մինսկի համաձայնությունները ներկա տեսքով, բայց դրանք չեղարկել ևս չի պատրաստվում. Ուկրաինայի ԱԽ քարտուղար
Ուկրաինան չի կարող կատարել Մինսկի համաձայնությունները ներկա տեսքով, բայց դրանք չեղարկել ևս չի պատրաստվում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Եթե խոսենք մինսկյան համաձայնություններից այն տեսքով, ինչպես որ կան այժմ, դա լիակատար աբսուրդ է»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան:
Դանիլովի խոսքով՝ Կիևն անհրաժեշտ է համարում փոփոխել համաձայնությունների այն դրույթները, որոնք իրականություն չեն դառնում:
«Մենք դրանք չեղյալ հայտարարել չենք կարող, ուրիշ համաձայնություններ չկան էլ: Աշխատելու ենք այն ամենի վրա, ինչ ունենք, և կշարունակենք բանակցությունները»,- ասել է Դանիլովը:
Դոնբասում առկա հակամարտության լուծման բանակցային հենքը Մինսկի համաձայնություններն են, որոնք ենթադրում են կրակի դադարեցում, սպառազինությունների ետ քաշում, համաներում, տնտեսական կապերի վերականգնում, բայց և Ուկրաինայում սահմանադրական խորքային փոփոխությունների իրականացում, որի արդյունքում պետք է իշխանությունը ապակենտրոնացվի՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակի տրամադրմամբ: