Պաշտոնապես մեկնարկել է Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեությունը
Հունիսի 17-ին պաշտոնապես մեկնարկել է Սևանի մանկական վերականգնողական կենտրոնի գործունեությունը: Սևան համայնքի կողմից կենտրոնի գործունեության համար Դեմիրճյան 17 հասցեում գործող մանկապարտեզի մասնաշենքից տրամադրվել է համապատասխան տարածք, որը վերանորոգվել է, կահավորվել և արդեն գործում է լիարժեք:
Շուրջ 50 երեխա արդեն կենտրոնի շահառու է, ևս 100-ը հերթագրված է: Սևանի վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացման արարողակարգին ներկաները և հրավիրյալները նախ ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, փոքրիկ այցելուներին, իրականացվող աշխատանքների ուղղվածությանը, հետագա ծրագրերին:
Կենտրոնի հիմնական գործառույթներն են հաշմանդամություն և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված աշխատանքների իրականացում, որի շնորհիվ էականորեն բարելավվելու է նրանց կյանքի որակը:
Ներկայումս կենտրոնում աշխատում է 16 հոգի, որոնցից 13-ն իրականացնում է նեղ մասնագիտական գործունեություն:
Սևան համայնքի կողմից կենտրոնին տրամադրվել է ևս մեկ տարածք՝ այս անգամ մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով: