Ընտրություններին ընդառաջ. ի՞նչ ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում (տեսանյութ)
ՔՊ նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, որտեղ նշվում է, որ երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի և որ շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այս ուղղությամբ: Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է իրականում արել Փաշինյանն ու իր թիմը նույն հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ այս երեք տարիների ընթացքում: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող բաժնում կա անդրադարձ արտաքին քաղաքական տարբեր ուղղություններին: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա Փաշինյանի թիմը հավաստիացնում է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, որ շարունակելու ենք հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ և որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Սա այն է, ինչ խոստանում է Փաշինյանը», - նշել է փորձագետը:
Մխիթարյանի պնդմամբ՝ շատ կարևոր է հասկանալ նաև, թե ինչ է իրականում արել Փաշինյանն ու իր թիմը նույն հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ այս երեք տարիների ընթացքում:
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ նույն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իրենց նախընտրական ծրագրում, արդեն «ինչ ենք արել» բաժնում, հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապված նշում է 2019-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի, ապա նաև՝ ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունումը», - նշեց փորձագետը՝ շեշտելով, որ վերոնշյալ բանաձևերի ընդունումը բացառապես հայ համայնքի հետևողական և տարիներ շարունակ իրականացվող աշխատանքի արդյունք էր, բնականաբար՝ տվյալ պահին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական շահերով զուգորդված:
Փորձագետն ուշադրություն հրավիրեց հատկապես մինչև 2018 թվականը եղած վիճակի վրա: «Շատերը կհիշեն դեռ 2010-ին նախագահ Սարգսյանի այցը Միացյալ Նահանգներ և հանդիպումը Բարաք Օբամայի հետ, 2012-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, 2010-ին նույն Քլինթոնի այցը Հայաստան և բարձր մակարդակով հանդիպումները և այլն: Անշուշտ, այս ընթացքում օրակարգում էր նաև հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը և հատկանշական է նաև այն, որ հայկական կողմն այս գործընթացում նախաձեռնող, սեփական օրակարգ առաջ բերող, իր շահերը ներկայացնող կողմի դիրքերից էր խոսում և գործընկերների՝ նույն ԱՄՆ-ի կողմից ստանում համարժեք վերաբերմունք», - նշեց Մխիթարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.