Մարդկանց անհանգստացնում է անվտանգային և տնտեսական իրավիճակը, քանի որ տնտեսական կոլապս է, տնտեսությունը ոչ մի կերպ առաջ չի գնում. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի 9-րդ օրը լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին մարզերում տիրող իրավիճակը և թե ինչ է անհանգստացնում բնակիչներին: Նրանք ընդգծեցին՝ մարզերում բնակիչներին ամենից շատ անհանգստացնում է գյուղատնտեսության իրավիճակը: Կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց՝ հիմա փաստացի գյուղացու վրա է մնացել ամբողջ գյուղատնտեսական բեռը:
«Գյուղացիները պետք է ուսումնասիրեն շուկան, հասկանան՝ ինչ պահանջարկ կա, ինչ սերմացու է պետք ընտրել, ինչ պարարտանյութ, ինչպես մշակել, հավաքել, իրացնել, դա չի կարող անել մի մարդ, նույնիսկ մի ֆերմա, մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցություն տրամաբանությամբ ստեղծել մի կառույց կամ համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ: Մարդկանց այս պահին անհագստացնում է անվտանգային և տնտեսական իրավիճակը, քանի որ տնտեսական կոլապս է, տնտեսությունը ոչ մի կերպ առաջ չի գնում, մարդկանց ձեռքը ուղղակի փող չկա»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ համանման խնդիր կա նաև տեղական ինքնակառավարման մարմիններում:
«Նրանք, ըստ էության, ապահովվում են կառավարության կողմից տրվող սուբվենցիաների միջոցով, դա հայեցողական բան է, այսինքն`կառավարությունը կուզի կբաշխի տվյալ համայնքին սուբվենցիա, չի ուզի՝ չի բաշխի, դա դառնում է քաղաքական շահարկումների հարց»,- նշեց Խաժակյանը: