Մակրոնի հետ հանդիպմանն Էրդողանը հաստատել է Լիբիայից օտարերկրյա վարձկաններին դուրս բերելու ցանկությունը
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է Լիբիայից օտարերկրյա վարձկաններին դուրս բերելու ցանկությունը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք պայմանավորվել ենք աշխատել այս ուղղությամբ, սակայն դա միայն Ֆրանսիայից և Թուրքիայից չէ կախված», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Էրդողանը, այնուամենայնիվ, հաստատել է Լիբիայից օտարերկրյա զինյալների դուրսբերման հարցում իր ցանկությունը։
Հայտնի է, որ Լիբիայի հակամարտության հարցում Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը և հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքեր է տրամադրել և հազարավոր սիրիացի վարձկաններ ուղարկել Լիբիա։
Ֆրանսիան աջակցում է հակառակ ճակատին՝ Լիբիայի ազգային բանակին, սակայն ոչ այնքան անմիջական, որքան Թուրքիան։ Ազգային բանակին աջակցում է նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ մատակարարելով նաև զինամթերք։