Ներգաղթյալների պատճառով Քյոլնի թաղամասերից մեկում «առնետների գրոհ» է սկսվել
Գերմանական Քյոլն քաղաքում առնետների գրոհ է. հարյուրավոր կրծողներ, առանց մարդկանցից վախենալու, վխտում են Քյոլնի Մեշենիխ թաղամասի փողոցներում, գրում է EurAsia Daily-ն` մանրամասնելով, որ պաշտոնական ԶԼՄ-ները, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նրբանկատորեն ակնարկում են, որ տվյալ աղքատ թաղամասում «ոչ բոլորն են գերմաներեն խոսում» կամ, այլ կերպ ասած, ներգաղթյալները շատ են:
Welt-TV-ն հրապարակել է շոկային կադրեր` ցույց տալով փողոցներում վխտացող առնետներին: Ծնողները երեխաներին արգելում են խաղալ խաղահրապարակներում` վախենալով, որ առնետները կկծեն նրանց:
Աղբյուրը մանրամասնում է, որ առնետների գրոհի պատճառը բնակիչների կողմից անմիջապես պատուհաններից սննդի մնացորդների դուրս նետելն է: Հայտնի է, որ այս թաղամասում մեծամասամբ ապրում են ներգաղթյալներ` Մերձավոր Արևելքից:
«Առնետներին գրավում են սննդի և աղբի մնացորդները, որոնք բնակիչներն անզգուշորեն դուրս են նետում իրենց պատշգամբներից: Աղքատ թաղամասում ապրում են շուրջ 60 ազգությունների ներկայացուցիչներ: Ինչպես երևում է, շատերի համար աղբը պատուհանից դուրս նետելը սովորական բան է դարձել»,-նկատել է սյուժեի հեղինակը:
Մինչդեռ նախկին սոցիալական աշխատող Ֆրանկո Կլեմենսը ցավով զուգահեռ է անցկացնում.«Նման բաների մասին մենք միայն գիտենք ԱՄՆ-ի կամ Ասիայի աղքատ թաղամասերից կամ Աֆրիկայի աղբանոցներից: Ինձ համար սա, անկեղծ ասած, մի տեսակ արտակարգ իրավիճակ է առողջապահության ոլորտում»: