Lexus-ը «ցուցադրել» է նոր LX-ը` բորբոքելով ավտոսիրողների հետաքրքրությունը նորույթի շուրջ
Ճապոնական Lexus մեքենաշինական ընկերությունը «ներկայացրել» է նոր LX արտաճանապարհային մեքենան, որը լինելու է «570» և «600» տարբերակներով, գրում է Motor.ru-ն` մանրամասնելով, որ մոդելն ամբողջովին չի գաղտնազերծվել, քանի որ եղել է ճերմակ սավանով ծածկված, ինչը հավելյալ ինտրիգ է առաջացրել մեքենայի շուրջ:
Նորույթի վերաբերյալ տեխնիկական բնութագիրը հայտնի չէ, սակայն lexusenthusiast.com ֆորումում նշվել է, որ դրա «570» տարբերակը կպահպանի 5,7 լ աշխատանքային ծավալով V8 բենզինային շարժիչը, իսկ «600»-ը կհամալրվի Land Cruiser 300-ի V6 երկտուրբո շարժիչով:
Ընդհանուր առմամբ, կներկայացվեն 570, 570 Sport, 600, 600 F Sport, 600 VIP տարբերակները:
Ենթադրվում է, որ նոր Lexus LX-ի շնորհանդեսը կկայանա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: