Շվեյցարիան կարող է արգելել թունաքիմիկատների օգտագործումը
Շվեյցարիան կարող է դառնալ թունաքիմիկատների օգտագործումն արգելող աշխարհում երկրորդ երկիրը։
Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ այս հարցի շուրջ երկրում հանրաքվե է անցկացվում:
Նշվում է՝ արհեստական թունաքիմիկատների օգտագործումը կարող է արգելվել 10 տարի ժամկետով: Համաշխարհային մասշտաբով քիմիական նյութերն արգելված են միայն Բութանում:
Արգելքի կողմնակիցների խոսքով՝ ագրոքիմիական հսկաների, ինչպիսիք են շվեյցարական Syngenta-ը, գերմանական Bayer-ը և BASF-ը, արտադրանքը սպառնում է առողջությանը և շրջակա միջավայրին:
«Շատ կարևոր է, որ մենք դադարեցնենք թունաքիմիկատների օգտագործումը, որոնք այսօր լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրներ են կուտակում ապագայի համար»,- շեշտել է Թունաքիմիկատների արգելման նախաձեռնության համահեղինակ Անտուանետ Գիլսոնը:
Արտադրողների վստահեցմամբ՝ իրենց թունաքիմիկատները անցնում են խիստ փորձարկումներ, և առանց դրանց բերքատվությունը կնվազի:
Շատ ագարակատերերի կարծիքով՝ այս արգելքը կբարձրացնի սննդամթերքի գները, կկրճատի աշխատատեղերը և կավելացնի սննդամթերքի ներկրումը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շվեյցարացիները որոշում են կայացնում նաև խմելու ջրի վերաբերյալ առանձին նախաձեռնության մասին, որի համաձայն՝ արհեստական թունաքիմիկատները աղտոտում են երկրի ջուրը: Նախաձեռնությունն առաջարկում է սուբսիդիան (աջակցություն, հիմնականում դրամական ձևով նպաստ, որ կապիտալիստական պետությունն իր բյուջեի միջոցներից հատկացնում է իշխանության տեղական մարմիններին, իրավական ու ֆիզիկական անձանց, այլ պետությունների,- խմբ.) այն ֆերմերներին, որոնք չեն օգտագործում քիմիական նյութեր:
Բացի այդ, շվեյցարացիներն առանձին կքվեարկեն հակաահաբեկչական օրենքների, ածխաթթու գազի կրճատման և արտակարգ իրավիճակների ֆինանսավորման առնչությամբ՝ ի պատասխան կորոնավիրուսային համավարակի: