Մենք պատերազմ չենք ուզում, մեզ վախեցնում են, թե պատերազմ կսկսվի, չի’ սկսվի այդ պատերազմը․ Յուրի Խաչատուրով
Ոչ մեկ չի ուզում պատերազմ, ամենից շատ մենք չենք ուզում, նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է պատերազմը, արյունը: Ով չի կռվել երբեք, անգամ չի ծառայել, իրանց համար միևնույնն է, նրանք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է կորցնել մարդկանց, նրանք իրենց սրտում դա չեն զգում, իսկ երբ թաղում ես ամենալավերին․․․:Այս մասին Նոյեմբերյանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«Մենք ոչ մեկի առաջ ծնկի չենք գա, ներողություն, ոչինչ չենք խնդրի, մենք ամեն օր ավելի ուժեղ կդառնանք և շատ արժանապատիվ կապրենք այս երկրում։ Պատերազմ մենք չենք ուզում, մեզ վախեցնում են՝ պատերազմը կսկսվի, չի սկսվի այդ պատերազմը, ադրբեջանական բանակը այդքան էլ ուժեղ չի այսօր, շատ զոհեր, վիրավորներ եղան, տեխնիկա շարքից դուրս եկավ, իրենք այնքան էլ ուժեղ չեն։ Նրանք տեսնում են իրենց առաջ կանգնած տղաներին, փորձում են վախեցնել, բայց կան ոչ միայն այդ տղաները, կան նաև այլ տղամարդիկ, ովքեր իրենցից չեն վախենում»,–ասաց նա։
Խաչատուրովը ամենակարևորը համարեց այս իշխանության փոփոխությունը։ «Ռոբերտ Քոչարյանին 1992 թվականից գիտեմ, մեկ բան կասեմ. բնավորությունը՝ տղամարդկային, գլուխը լիքն է, աշխատում է շատ լավ, 100 տոկոսանոց հայրենասեր, մեծ հնարավորություններով և կապերով, ընդհանրապես՝ մեր մարդը, եթե անկեղծ, հայ մարդը երբեք չի դավաճանի, երբեք գլուխը ոչ մեկի առաջ չի կախի, մեզ հիմա դա պետք է»,–ասաց նա։