Առանձնակի դաժանությամբ սպանություն Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին
Հունիսի 12-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, ով տեղափոխվել է իր տանից։
Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։
Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։
Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Ն. Այվազյանի որոշմամբ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։