Գյուղացիները վարկի տակ են, պատճառն այն է, որ գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն զրո տոկոս. Ծառուկյան
Այսօր բոլոր գյուղացիները վարկի տակ են, պատճառն այն է, որ գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն զրո տոկոս, ամենաշատը 2 տոկոս: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Եվրոպայում գյուղատնտեսական վարկերը զրո տոկոս են, ես ասում եմ՝ թող մեզ մոտ լինի 2 տոկոս: Այսօր մինչեւ 2 մլն մարդ ունի մինչեւ 3 մլն դրամի վարկ, դա պետք է ներվի: Գյուղացին չարչարվում է, մշակում է, բերքը տանում է շուկա, իրենից վերցնում են 200 դրամով, վաճառում են 1500 դրամով: Պետք է օրենք ընդունվի, որ եթե վաճառում է հազար դրամով, գոնե 500 դրամը պետք է լինի գյուղացունը»,-ասաց նա:
Ծառուկյանը խոստացավ, որ իրենք կարող են կարրճ ժամանակում հզորացնել, զարգացնել երկիրը, գումար բերել աշխարհի տարբեր տեղերից. «20 մլրդ դոլար բերել եմ մեկ տոկոսով, 10 տարի ժամկետով, չեն վերցրել: Միայն գումարով կարող ենք իրավիճակն ուղղել, մարդկանց էժան տոկոսով վարկեր տանք, պետությունը գործարաններ բացի, ոլորտներ զարգացնի: Ոչ թե մարդիկ ասեն՝ աշխատատեղ չկա, այլ էնքան աշխատատեղ լինի, որ դրսից մարդիկ գան, Հնդկաստանից գան, որ աշխատեն, ոնց որ արաբական երկրում է»,-ընդգծեց նա: