Հանրային Հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական հոլովակի հեռարձակումը. Արմեն Աշոտյան
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը, ինչպես նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած քաղաքական ուժերը, սակայն հեռուստաընկերությունը մերժել է դրանց հեռարձակումը։ Հրատապ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հերթական անգամ, առաջին միջադեպը երեկ է եղել, Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, այն հեռարձակումը, որը Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որ կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, ամբողջությամբ վճարված է ինչպես քաղաքացիների մուծված հարկերից, այնպես էլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հիմնադրամի կողմից»,- ասաց նա։
Արմեն Աշոտյանի ներկայացմամբ, իրենց այսօրվա տեսահոլովակում ներառված են ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, մասնավորապես խոսում է այն մասին, որ շուտով կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը։
«Այս հատվածը, որ ներառված է եղել մեր քարոզչության մեջ, Հանրային հեռուստաընկերության ցենզորները մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը»,- նշեց նա։
Ըստ նրա՝ երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր «Հայաստանի ամենաատելի օլիգարխ «Գռզոյին», որը հանգրվանել է վիժվածքի 5-րդ համարում»։
«Եթե առաջին դեպքում հանրայինը մերժել է իբր վիրավորանք, երկրորդ դրվագը մերժել է որպես զրպարտություն։ Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ, ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, թե ոչ, զրպարտություն, թե ոչ, ինքն է որոշում՝ այս կամ այն քաղաքական ուժը կարող է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ այս կամ այն օդիոզ կերպարի մասին՝ վիժվածք վարչապետից մինչև օլիգարխ «Գռզո»»,- ասաց Աշոտյանը։
Նա նաև նշեց, որ այս միջադեպը դիտարկում են՝ ուղղորդված քաղաքականության Հանրային հեռուստաընկերության կողմից։