«Անհարմար եմ զգում». Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստրը հրաժարվել է 1,6 մլն եվրո տարեկան պետական նպաստից
Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստր Ամալիան որոշել է հրաժարվել 1,6 միլիոն եվրոյի չափով տարեկան պետական նպաստից՝ համալսարանում սովորելու ընթացքում: Նա իր որոշման մասին հայտարարել է ուրբաթ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռուտեին ուղղված նամակում, գրում է nos.nl-ն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ 17-ամյա արքայադուստրը գերազանցությամբ ավարտել է ավագ դպրոցը: Դրանից առաջ նա հայտարարել էր, որ միջնակարգ կրթության դիպլոմ ստանալուց հետո ցանկանում է մեկ տարի ճանապարհորդել, այնուհետև ուսումը շարունակել համալսարանում:
18 տարեկանից նա, որպես Նիդեռլանդների գահաժառանգության շարքում առաջինը (իր հոր ՝ Ուիլեմ-Ալեքսանդր թագավորից հետո), իրավունք ունի 1,6 միլիոն եվրո պետական նպաստ ստանալ: Այս գումարից 300 եվրո հազարը մշտական եկամուտ է, յուրատեսակ աշխատավարձ, իսկ մնացած 1,3 միլիոն եվրոն ծախսերի փոխհատուցում է:
Վարչապետին ուղղված նամակում Ամալիան նշել է, որ իրեն անհարմար է զգում նպաստի համար, որը նա պետք է սկսեր ստանալ 2021թ. դեկտեմբերի 7-ից, «քանի որ դրա դիմաց առաջարկելու շատ քիչ բան ունի, և որ մյուս ուսանողների համար շատ ավելի դժվար է, հատկապես համաճարակի պատճառած այս անորոշ ժամանակներում»:
Վարչապետը պատասխան նամակում ասել է, որ «հասկանում է այս որոշումը և հարգում անձնական նկատառումները»: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Նիդեռլանդներում թագավորական տոհմի ներկայացուցիչը հրաժարվում է իրեն հասանելիք նպաստից: